Արցախ են հասցվել դեղորայք եւ ալյուր տեղի բնակչությանն օգնության համար։ Այս մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
«ԿԽՄԿ կայքում արդեն տեղադրվել է հայտարարությունն այն մասին, որ այսօր տեղի է ունեցել երկու բեռնատարներով հումանիտար օգնությունն Արցախ հասցնելու գործողություն, որը համաձայնեցված է որոշում ընդունող անձանց հետ. մեկը մտել է Լաչինի միջանցքի կողմով, մյուսը՝ Ակնայի ճանապարհով։ Արցախ են հասցվել դեղորայք եւ ալյուր տեղի բնակչությանն օգնության համար։ Մթերքները եւ դեղորայքը գնվել են ԿԽՄԿ-ի կողմից եւ այսօր տեղ հասցվել երկար ժամանակից հետո, երբ նման գործողությունները հնարավոր չէին թվում հումանիտար կոնսենսուսի բացակայության պատճառով։ Երկարատեւ բանակցություններից հետո հաջողվեց որոշման հասնել։
Հույս ունենք, որ նման գործողությունները կկրկնվեն հետագայում, քանի որ դա անհրաժեշտ է այս իրավիճակում։ ԿԽՄԿ-ն պատրաստ է ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել հետագայում, այն անձանց համաձայնության պայմանով, որոնք որոշումներ են ընդունում, սակայն հումանիտար կազմակերպության աջակցությունը չի կարող լուծել բնակչության խնդիրները՝ կապված այն ապրանքների եւ ծառայությունների լրիվ ցուցակի հետ, որոնց կարիքը ծագում է ամեն օր։ Հումանիտար օգնությունն անհրաժեշտ է, բայց չի կարող իրավիճակի վերջնական լուծում լինել»,- նշել է ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչը։
Մարիամ Լեւինա





























