Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները պատրաստ են Թուրքիա մեկնել` եկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, սակայն այս պահի դրութամբ թոււրքական կողմից որեւէ պատասխան չի ստացվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի տարածքում գտնվող 17 հայկական ավտոբուսներին, ապա, նրա խոսքով, ավտոբուսները բարեհաջող հասել են Մուշ եւ տուժած հայերի մասին որեւէ տեղեկատվություն չկա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի միջոցով, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել, 20 այլ երկրների շարքում, մասնակցել Թուրքիայում իրականացվող փրկարարական աշխատանքներին:
«Ես դա ճիշտ եմ համարում: Մենք պարտավոր ենք օգնություն տրամադրել մեր հարեւաններին: Թուրքական կողմի համաձայնության դեպքում, մենք երկրաշարժի էպիկենտրոն կուղարկենք փրկարարների եւ հրշեջ փրկարարների»,-նշել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հատնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում գերազանցել է 200-ը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ինդրիս Նաիմ Սահինին:
117 զոհերի մասին տեղեկությունը ստացվել է էպիկենտրոնում գտնվող Էրջիշ քաղաքից, եւս 100 մարդ զոհվել է Վանում: Վնասվծաք է ստացել 1090 մարդ: Իշխանությունները սպասում են, որ զոհերի թիվը կաճի:
Թուրքիայի արեւելքում հոկտեմբերի 23-ին, Երեւանի ժամանակով 15:40-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք:
Ցնցումներ զգացվել են նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում: Հայաստանում ցնցումների ուժգնությունը եղել է 3-ից 5 բալ:




























