Կրեմլում ընթանում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի դեմ առ դեմ հանդիպումը:

Ինչպես Մոսկվայից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, բացելով հանդիպումը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է. «Սրտանց ողջունում եմ Ձեզ: Սա հատուկ պետական այց է, որը վկայում է մեր ռազմավարական հարաբերությունների մասին: Միաժամանակ, սա աշխատանքային բնույթի հագեցած այցելություն է, որի ժամանակ քննարկվելու են համագործակցության բոլոր թեմաները, այդ թվում` երկկողմ բնույթի` ՀԱՊԿ շրջանակներում»,- ասել է Մեդվեդեւը, հավելելով, որ ուրախ է ողջունել հայ հյուրին Ռուսաստանի մայրաքաղաքում:

Սերժ Սարգսյանը համաձայնել է Մեդվեդեւի հետ, նշելով երկկողմ հարաբերությունների հատուկ բնույթը:

Նախագահների առանձին բանակցություններին կհետեւեն բանակցություններն ընդլայնված կազմով, որի արդյունքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:

Սերժ Սարգսյանի պետական այցելությունը կավարտվի հոկտեմբերի 25-ին: