Երեւանի հնագույն ձեռագրերի թանգարան-պահոց Մատենադարանում մեկնարկել է ձեռագիր եւ տպագիր հուշարձանների ուսումնասիրման եւ պահպանման թեմայով սեմինարը:

«Հիշողության պատկերներ. նորագույն տեխնոլոգիաները ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանության եւ վերականգնման գործում» թեմայով սեմինարը նվիրված է հայ գրահրատարակչության 500-ամյակին: Սեմինարին մասնակցում են ԱՊՀ եւ Արեւմտյան Եվրոպայի երկրների գիտական հաստատությունների եւ բուհերի գիտաշխատողներ եւ ռեստավրատորներ:

 «Հայ ռեստավրատորները Խորհրդային Միությունում միշտ էլ հայտնի են եղել, նրանցից մի քանիսի մասին մենք բազմիցս ենք լսել` մինչեւ անգամ  նրանց հետ հանդիպելը, այդքան մեծ էր նրանց հռչակը», - հայտարարել է սեմինարի մասնակիցներից մեկը` արվեստաբանության դոկտոր, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր Իննա Մոկրեցովան:

Սեմինարի ղեկավարի` Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման եւ թվայնացման  բաժնի պետ Արա Խզմալյանի խոսքով` միջոցառման օրակարգում նաեւ մշակութային ծրագիր կա:  «Մենք մտադիր ենք մեր հյուրերին ներկայացնել Մատենադարանի ֆոնդերի ցուցահանդես: Ցուցադրության մեջ ներառված կլինեն Նապոլեոնի հրահանգները, Գյոթեի նամակները, հայ կաթողիկոսների ուղերձներ, մի խոսքով` նայելու բան կլին: Մենք չենք ձգտում ուշադրություն գրավել, բայց իրավունք ունենք պատշաճ կերպով ներկայացնել  մեր մշակութային հարստությունների` համամարդկային նշանակություն ունեցող հավաքածուն», - ասել է Խզմալյանը: