Մոսկվայի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության հարցով, ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: Այս մասին ավանդական բրիֆինգում հայտնել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն:
Նա հիշեցրել է, որ բանակցությունների նախորդ փուլն ավարտվել է անարդյունք: Բանակցություններում վրացական պատվիրակությունը ղեկավարում է ԱԳ փոխնախարար Սերգի Կապանիձեն:
Ռուսաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու ճանապարհին մնացել է միայն Վրաստանի արգելքը, քանի որ Ռուսաստան-ԵՄ հարաբերություններում մնացած բոլոր հարցերն օրերս հանվել են:




























