Ուկրաինայի հարկային ոստիկանությունը պաշտոնապես վերսկսել է հանրապետության նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ, 2,5 միլիոն դոլարի հարկերից խուսափելու համար, հարուցված գործը: Այս մասին երկուշաբթի օրը` հոկտեմբերի 24-ին, լրագրողներին հայտնել է ուկրաինական գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը:
«Սա չորրորդ քրեական գործն է Տիմոշենկոյի դեմ: Այն հարուցվել է 2001թ., իսկ հետո փակվել է «նարնջագույն հեղափոխության» ժամանակ: Այժմ գլխավոր դատախազությունը որոշել է, որ գործը անօրինական է փակվել», - ասել է նա:
Տիմոշոնկոյի դեմ երկրորդ գործը հարուցվել է ուկրաինական արդարադատության նկատմամբ նախկին վարչապետի առաջին գործի ընթացքում արտահայտած կտրուկ քննադատության ֆոնին, որով նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` 2009 թվականին «Նաֆտոգազ Ուկրաինի» եւ «Գազպրոմ» ընկերությունների հետ գազի մատակարարման շուրջ պայմանագիր կնքելու ժամանակ իր ծառայողական պարտականությունները գերազանցելու համար:
Հոկտեմբերի 13-ին Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի պարտքերը Ուկրաինայի բյուջեի վրա թողնելու համար:
«Մասնավորապես, Տիմոշենկոն մեղադրվում է, որ լինելով «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի նախագահն ու փաստացի սեփականատերը, նախկին վարչապետ Լազարենկոյի հետ գալով նախնական համաձայնության, առանձնապես խոշոր չափերի վնաս է հասցրել պետությանը: Մասնավորապես, կորպորացիայի` ՊՆ-ին ունեցած 405-500 հազար դոլարի պարտքը դնելով պետբյուջեի վրա»,- հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քննչական վարչության պետ Իվան Դերեւյանկոն:
Թեեւ դեպքը, որի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, տեղի է ունեցել 1996թ., Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդից հայտնում են, որ դրա վաղեմության ժամկետը չի լրացել:
Այս քրեական գործի արդյունքում Տիմոշենկոյին կարող է 7-12 տարվա ազատազրկում սպառնալ:




























