Հայաստանում, 2011 թվականից ի վեր, օտարերկրյա ներդրումների 57 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 24-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Մոսկվայում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ ասուլիսում: Այս մասին Մոսկվայից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում ռուսական ներդրումների պատմությունը կարող է բնութագրվել որպես հաջող: «Կարծում եմ, որ ոչ ոք չի կարող բերել անհաջող ներդրման թեկուզ մեկ օրինակ մեր տնտեսության մեջ: 2011 թվականին Հայաստանում օտարերկրյա ներդրումների 57 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին: Մենք դրանով հպարտանում ենք, որովհետեւ մեր տնտեսական հարաբերությունները հավասարվում են, դեռ չեն հավասարվել, բայց հավասարվում են մեր քաղաքական հարաբերություններին եւ դա շատ կարեւոր է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա կարծիքով, կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրում փոփոխությունները, որոնք ընդունվել են այսօր, լավ ազդակ կհաղորդեն բիզնեսի ակտիվությանը: «Ռուսաստանում շատ հաջողակ հայ գործարարներ կան, որոնք շատ էին ցանկանում ներդրումներ կատարել իրենց պատմական հայրենիքում, բայց միաժամանակ, գործարարը հաշվում է իր ամեն մի դրամը եւ դա ճիշտ է: Այս փաստաթղթով մենք ուղղակի նրանց օգնություն ենք տրամադրում»,- ասել է ՀՀ նախագահը:
Խոսելով Հարավային Կովկասում եվրոպական էներգետիկ նախագծերի, մասնավորապես, «Հարավային հոսք» նախագծի մասին, որին մասնակցում է «Գազպրոմը», ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նշել է, որ տնտեսական նախագծերը չպետք է բաժանարար գծեր ստեղծեն:
«Ես ամբողջովին համաձյն եմ Սերժ Սարգսյանի հետ: Տնտեսական նախագծերը չպետք է բաժանարար գծեր ստեղծեն, նրանք, հակառակը, պետք է ամրապնդեն համագործակցությունը տարածաշրջանում: Հենց դրան են ուղղված եւ «Հարավային հոսքը», եւ բազմաթիվ այլ նախագծեր, որոնք կարող են իրագործվել տարածաշրջանում: Այն, ինչ անում է Ռուսաստանը, բնականաբար, արվում է ելնելով նրանից, որ նպաստի համագործակցության ընդհանուր ոգուն, մտահոգությունների նվազմանը, նաեւ այդ նախագծերին մասնակցողների մրցունակության բարձրացմանը»,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հոկտեմբերի 23-ին, եռօրյա պետական այցով մեկնել է Մոսկվա. Այցը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 25-ը: Հայ-ռուսական բանակցությունների արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Սերժ Սարգսյանն այցելել է Մոսկվայի պետհամալսարան եւ հանդիպել ուսանողների ու դասախոսների հետ: Հոկտեմբերի 25-ին, նա կհանդիպի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:




























