Լեռնային Ղարաբաղի N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի արդեն երկու զինծառայողների:

Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ին հայտնեց, որ գործի շրջանակներում ձերբակալվել են երկու զինծառայողներ: Վահան Սիրակի Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել քր.օր.-ի 360 հոդվածի 2-րդ մասի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը  կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ) եւ 110 հոդվածի 1-ին մասի (Ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով:

Արմեն Մարտինի Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել 360 հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից) եւ 110 հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը):

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 21-ին Վահան Եղիազարյանի, իսկ հոկտեմբերի 22-ին Արմեն Զաքարյանի նկատմամբ կալանքի որոշում է կայացրել:

Նշենք, որ պաշտոնական վարկածի համաձայն, Մարտակերտի զորամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, հոկտեմբերի 9-ին ժամկետային զինծառայող, 19-ամյա Վլադիմիր Ասատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել: Հայաստանի զինդատախազը հաստատել էր, որ նա մահից առաջ իրեն նվաստացնողների անունները գրել էր ձեռքի ափի մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վլադիմիր Ասատրյանի հարազատները չեն հավատում պաշտոնական` «ինքնասպանության» վարկածին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, վրդովված հարազատները նշում էին, որ թեեւ չեն հավատում արդարությանը, սակայն պահանջելու են, որ Վլադիմիրի վրայից հանեն ինքնասպանի պիտակը, որն իրենց բնութագրմամբ հավասարազոր է դավաճանության: Հարազատները նաեւ վստահ են, որ Վլադիմիրը չէր կարող նման քայլի դիմել: