Հայաստանն ու Ռուսաստանը կարողացան ապահովել զարգացման կայուն աճ բոլոր ուղղություններով: Այդ մասին հոկտեմբերի 24-ին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից:

«Մեկ տարում երկու պաշտոնական այց, այդ ընթացքում բազմաթիվ այցեր` ինչպես պետության եւ կառավարության ղեկավարների, այնպես էլ օրենսդիր իշխանության եւ կառավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ վկայում է դրական առաջընթացի մասին, որը բնորոշ է միայն մերձավոր երկրներին, որոնք իրենց հարաբերությունները կառուցում են իրական դաշնակցային հարաբերությունների ոգով»,- ասել է Հայաստանի նախագահը:

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ըստ Սարգսյանի, շարունակվում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, կողմերը սկսել են նոր տնտեսական նախագծեր իրականացնել, ընդլայնել են շփումները հումանիտար ոլորտում եւ միջտարածաշրջանային կապերը: «Դա ցույց է տալիս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխհարաբերությունների ամրապնդման ընդհանուր տրամադրվածությունը: Այդ գործի շարունակմանը կծառայի քիչ առաջ ստորագրված համաձայնագիրը հումանիտար ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը տասնամյակներ առաջ արդյունավետ համագործակցելու հնարավորություն կստեղծի գիտության, մշակույթի եւ կրթության ոլորտներում: Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում, իսկ նման հարցեր շատ են»,- նշել է Հայաստանի նախագահը:

Երկու երկրների տնտեսական հարաբերություններն այնպես են կառուցված, որ անգամ ճգնաժամի պայմաններում որակական փոփոխությունների չհանգեցրին: «ՌԴ-ն եղել եւ վստահաբար մնում է Հայաստանի թիվ մեկ գործընկերը ապրանքաշրջանառության, ներդրումների, համատեղ ձեռնարկությունների թվով: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է կանգ առնենք ձեռքբերվածի վրա: Պետք է դիվերսիֆիկացնել մեր առեւտրա-տնտեսական կապերը, օգտագործել բոլոր հնարավորությունները էներգետիկայի եւ հաղորդակցության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում»,- ասել է նախագահը:

Նշենք, որ Հայաստանի նախագահը պաշտոնական այցով Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել հոկտեմբերի 23-ին: Մոսկվայում արդեն կայացել են հայ-ռուսական բանակցություններն ամենաբարձր մակարդակով: Բանակցությունների արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:

Սերժ Սարգսյանը նաեւ ելույթ է ունեցել Մոսկվայի պետհամալսարանում: Հոկտեմբերի 25-ին նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: