ՌԴ մոտ 70 տարածաշրջաններ ակտիվորեն համագործակցում են Հայաստանի մարզերի հետ: Այդ մասին հոկտեմբերի 24-ին ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից:

«Զարգանում է համագործակցությունը տարբեր ոլորտներում, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, մենա կարեւոր ուղղություն ենք համարում տրանսպորտը, կապը, տեղեկատվական տեխնոլոգիաները: Միջտարածաշրջանային համագործակցությունը եւս զարգանում է դրական ուղղությամբ, ապրիլին Երեւանում կայացել է միջտարածաշրջանային համագործակցության ռուս-հայկական առաջին համաժողովը, դա պահանջարկված նախաձեռնություն է, հուսով եմ, որ դա կզարգանա, առավել եւս, որ ներկայումս ՌԴ մոտ 70 տարածաշրջաններ ակտիվ համագործակցություն ունեն հայկական մարզերի հետ, Հայաստանի հետ ընդհանուր առմամբ: Ակտիվորեն աշխատում են երկու երկրների մայրաքաղաքները»,- ասել է Մեդվեդեւը:

Հումանիտար ոլորտում, ըստ նրա կապերն ունեն պատմական արմատներ, եւ այստեղ ակտիվ դիրքորոշում է զբաղեցնում հայկական սփյուռքը: «Երեւանում գործում է գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը, նրա հիման վրա ստեղծվել է ռուսերենի ուսումնա-մեթոդական կենտրոնը, տեղեկատվական համագործակցության ռուս-հայկական կենտրոնը: Ռուսերենը մնում է ազգամիջյան շփման կարեւորագույն լեզու, նրա հաղորդակցման գործառույթը չի կարող թերագնահատվել: Մենք քննարկել ենք այդ ոլորտում նոր նախագծեր: Ինչ վերաբերում է ազգային լեզուների աջակցությանը, Ռուսաստանը իր հերթին պատրաստ է նպաստել հայերենի տարածմանը, հատկապես հայկական սփյուռքի կոմպակտ բնակության վայրերում»,- ասել է Մեդվեդեւը:

Խոսելով արտաքինքաղաքական համագործակցության մասին` Ռուսաստանի նախագահը նշել է ՀԱՊԿ շրջանակներում երկկողմ կապերի զարգացման շահագրգռությունը:

Նշենք, որ Հայաստանի նախագահը պաշտոնական այցով Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել հոկտեմբերի 23-ին: Մոսկվայում արդեն կայացել են հայ-ռուսական բանակցություններն ամենաբարձր մակարդակով: Բանակցությունների արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:

Սերժ Սարգսյանը նաեւ ելույթ է ունեցել Մոսկվայի պետհամալսարանում: Հոկտեմբերի 25-ին նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: