Հոկտեմբերի սկզբին Գազայի հատվածի շուրջ հակամարտության սրումից հետո պաղեստինցիների աղքատության մակարդակն աճել է 20%-ով: Այս գնահատականը տվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCWA) փորձագետները:

ՄԱԶԾ-ի կայքում հրապարակված համատեղ հետազոտության արդյունքների համաձայն՝ հակամարտության սրման սկսվելուց հետո մեկ ամսվա ընթացքում Պաղեստինում աղքատության մակարդակն աճել է 20%-ով, իսկ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 4,2%-ով։ Տեքստում նշվում է, որ այս թվերը հաստատում են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նախկինում հրապարակված գնահատականները, որոնց համաձայն՝ 390 հազար պաղեստինցիներ արդեն կորցրել են իրենց աշխատանքն՝ իրավիճակի վատթարացման պայմաններում։ ՄԱԶԾ-ի փորձագետները նախազգուշացնում են, որ կախված հակամարտության ինտենսիվությունից՝ Պաղեստինում մարդկային զարգացման մակարդակը կնվազի 11-16 տարով, իսկ Գազայի հատվածում՝ 16-19 տարով։

Հետազոտության հեղինակները կանխատեսում են, որ եթե անկլավում մարտերը շարունակվեն մինչև նոյեմբեր, ապա Պաղեստինում աղքատությունը կբարձրանա 34%-ով, և մոտ 500,000 ավելի մարդ կհայտնվի ֆինանսական ծանր վիճակում: Այս դեպքում երկրի ՀՆԱ-ն կնվազի 8,4%-ով, ինչը, ըստ փորձագետների, կհանգեցնի 1,7 մլրդ դոլարի վնասի։ Եթե հակամարտությունը երկարաձգվի երեք ամսով, ապա ՄԱԿ-ի վերլուծաբաններն ակնկալում են աղքատության մակարդակի 45% աճ, ՀՆԱ-ի անկման՝ 12,2%:

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ սկսած հոկտեմբերի 7-ից՝ Մերձավոր Արևելքում էսկալացիայի սկզբից, անկլավում զոհերի թիվը հասել է 10,812-ի, այդ թվում՝ առնվազն 4,412 երեխա: