Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հոկտեմբերի 24-ին շարունակվել է մանկապղծության մեջ մեղադրվող գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատաքննությունը:

Նախորդ դատական նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող հատուկ գործերով վարչության ավագ դատախազ, սույն գործով մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը, հարցաքննության ավարտին միջնորդություն էր արել` գործում 2 նոր վկաների ընդգրկման համար: Այս դատական նիստին հարցաքննվել է միջնորդված վկաներից մեկը միայն, ով մասնագիտությամբ մանկավարժ է ու նախորդ նիստերի ընթացքում մասնակցել է անչափահասների հարցաքննությանը:

ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության բաժիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանի փոխանցմամբ, նոր վկայի հարցաքննությունը մեղադրող կողմի համար բարենպաստ եղավ ապացույցների ամրապնդման տեսանկյունից: Հավելենք նաեւ, որ ներկայացված մեղադրանքում Սերոբ Տեր-Պողոսյանը մինչ այս պահն իրեն մեղավոր չի ճանաչում:  Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում նշել են, որ բացի ներկայացված փաստերից, դիտարկումներից, ապացույցներից ու ցուցմունքներից, իրենց կողմից հաշվի է առնվում նաեւ մեղադրյալ գործարարի անունը, նրա նյութական վիճակը, համբավն ու ճանաչումը, զբաղեցրած դիրքը հասարակության մեջ, այն ամենն, ինչ իրեն ներկայացնում էր որպես բարերար Ախթալայում, ու այս ամենի արդյունքում ստեղծված այն վիճակը, որ տուժողներին ամբողջությամբ կախման մեջ է դրել իրենից:

«Երբեւէ չի շեշտվել այն միտքը, թե Տեր-Պողոսյանը որեւէ մեկի նկատմամբ  ֆիզիկական ուժ կամ բռնություն է կիրառել, ուժով փորձել սեռական կապի մեջ մտնել անչափահասների հետ, հարցն այստեղ հոգեբանական բռնության մասին է: Եթե ելնենք այն փաստից, որ բոլոր ընտանիքները սոցիալապես անապահով են, ու անչափահասների մի զգալի մասը միակողմանի ծնողազուրկ են, ապա փողի գայթակղության փաստն էլ ինչ-որ տեղ դիտվում է որպես բռնություն»,-նշել է Հ. Սարգսյանը: Բացի այդ, նրանք փաստել են, որ ներկայացված մեղադրանքը հիմնավոր է ու դրանում կասկած անգամ չի կարող լինել:

Ըստ էության, դատական գործընթացն արդեն գրեթե ավարտին է մոտենում: Հաջորդ նիստը հոկտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին է: