1992-ին Հայաստանում ծնվել է 36 հազար տղա երեխա, իսկ արդեն 2001-ին՝ 17 հազար տղա երեխա. այսինքն 10 տարվա ընթացքում 52 տոկոսով ավելի քիչ տղա երեխա է ծնվել Հայաստանում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, հրավիրված մամուլի ասուլին հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Նաեւ ուզում եմ ասել, որ 2001-ին ծնվել է 17 հազար, իսկ 2019-ին՝ 19 հազար տղա: Իսկ 2022-ի դրությամբ 2 հազարով ավելի շատ տղա է ծնվել, քան 2001-ին: Այսինքն այս աղետալի վիճակը չի պահպանվել, անգամ ունենք աճի միտում: Եթե կառավարությունը լավ աշխատի, մեր քաղաքացիները չլքեն երկիրը, ունենան շատ երեխաներ, հնարավոր կլինի վերականգնել վիճակը եւ 10 տարի անց էլի ունենալ էլի տարեկան 36 հազար տղա երեխա»:

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։

Նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ եւ չծառայել ընդհանրապես: