Չնայած ոստիկանության որոշակի բացահայտումներին, վերջին 5 տարիներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դինամիկ աճը  շարունակում է պահպանվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Ներկայացված վիճակագրության համաձայն, 2023 թ. 10 ամիսների ընթացքում արձանագրվել է  թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապած հանցագործությունների 3934 դեպք, 2022 թվականի նույն ժամանակահատվածի 1631 դեպքի դիմաց։ Աճը կազմում է 141 տոկոս։ Ա. Խամոյանը հավելեց, որ սա միայն օպերատիվ  հետախուզական աշխատանքների արդյունքում արձանագրված դեպքերն են։

Նա մեկ այլ վիճակագրություն ներկայացրեց. վերջին 9 ամիսների ընթացքում իրավապահ մարմինների կողմից  ապօրինի շրջանառությունից առգրավվել է  110 կգ. տարբեր տեսակի թմրամիջոց, մինչդեռ նախորդ տարվա նույն  ժամանակահատվածում առգրավված թմրամիջոցների ծավալը կազմել է 69 կգ։

«Այս պաշտոնական վիճակագրությունը խոսում է խնդրի մասշտաբների ընդլայնման մասին։ Աճել է հատկապես բնակչության առողջության  համար առավել վտանգ ներկայացնող սինթետիկ թմրամիջոցների անօրինական շրջանառությունը։ Ի դեպ, հատկապես երիտասարդների շրջանում  տարածված սինթետիկ այդ թմրամիջոցները,  մասնավորապես, մեթամֆեթամինը  պատրատվում են  Հայաստանում գտնվող տարատեսակ նկուղներում։ Դրանցից մեկը վերջերս է բացահայտվել։ Բայց վստահ եմ, որ դա միակը չէ և եթե ոստիկանությունը քաղաքական հետապնդումների փոխարեն իր բուն գործառույթներով զբաղվի, նմանատիպ շատ այլ նկուղներ կբացահայտվեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ա. Խամոյանը նաև նշեց, որ կա հանցավորության աճ, զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի աճ։

«Այս տխուր վիճակագրությունը խոսում է երկրում առկա մթնոլորտի մասին, անհանդուրժողականության մասին, իսկ դրա թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը, ուզեք թե չուզեք, դուք եք՝ սիրո և թավշյա իշխանությունները»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։