Հայաստանում 2023 թվականի առաջին 10 ամիսներին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության ավելի քան 3934 դեպք, ինչը 2303-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին նոյեմբերի 15-ին կառավարական ժամին հայտարարել է Հայաստանի ՆԳՆ ղեկավար Վահե Ղազարյանը։

Նա հավելել է, որ այս տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2118 դեպք՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 572 դեպքի դիմաց։

Նախարարը հայտարարել է սոցիալական ցանցերում  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում դրական առաջընթացի մասին։

«Նախորդ տարի եղել է 414 նման դեպք, որից 114-ը վերաբերել է թմրամիջոցների իրացմանը։ Ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 658 անձի։ Ամենաշատը նման հանցագործությունների մեջ ներգրավված են 30-ից 40 տարեկան մարդիկ»,- նշել է Ղազարյանը։

Հիշեցնելով, որ վերջերս Կոտայքի մարզում թմրանյութերի արտադրության լաբորատորիա է հայտնաբերվել, նախարարը տեղեկացրել է, որ այս գործով հինգ անձ է ձերբակալվել։