ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի նկուղում, որտեղ այսօր՝ նոյեմբերի 17–ին, տեղի է ունեցել մեկ մարդու կյանք խլած պայթյունը, Քիմիայի ֆակուլտետի համար նախատեսված քիմիական պահեստային նյութերն են պահվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի 4–րդ կուրսի ուսանողուհի Գոհար Գալստյանը՝ ընդգծելով, որ վերջին օրերին ֆակուլտետի ուսանողներն այդ տարածքում աշխատանքներ են կատարել, դասավորել։

Նշենք, որ ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը հերքել է տեղեկությունը, թե նկուղում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, պահվել են քիմիական նյութեր։ 

Գոհար Գալստյանը դեպքի ականատեսներից է։ 

«Բարձրանում էի շենք, երբ պայթյունի ձայնը լսվեց, և մեզ բոլորիս դուրս հանեցին համալսարանից»,– լրագրողներին պատմեց ուսանողը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։ Ուսանողուհու տեղեկություններով՝ տուժածների թվում ուսանողներ չկան։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին, ժամը 09.37-ին, Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել երեք մարդ։ Զոհվածը եւ երկու վիրավորները կանաչապատման բաժնի աշխատակիցներ են, վիրավորներից մեկն էլ պարեկային ծառայության աշխատակից է։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մեկինը՝ միջին ծանրության, մյուսինը՝ բավարար։ Պայթյունի առաջացման պատճառների մասին առայժմ պաշտոնական վարկած չկա։