NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Օրհան Քեմալ Չենգիզի հոդվածը` հրապարակված թուրքական  «Hurriyet Daily News and Economic Review» պարբերականում:

Այս հոդվածը գրում եմ Ֆրանսիայի ճանապարհին: Այն հանդիպումները, որ ես կունենամ Ֆրանսիայում ցույց են տալիս, որ Եվրոպայի հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ աճել է: Ես հրավիրված եմ Թուրքիային վերաբերող հանդիպումների Ստրասբուրգ: Ստրասբուրգի համալսարանում կայանալիք առաջին հանդիպումը նվիրված է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների խնդիրներին: Մյուս երկու հանդիպումները մտածելու տեղիք են տալիս: Եվրոպայի Խորհրդի համապատասխան գերատեսչություններում, փակ նիստերի քննարկումների թեմաները կլինեն «Թուրքիայի վերջին զարգացումները» եւ «Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստների վիճակը Թուրքիայում»:

Միայն երկու երկրներ են քննարկվում «Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստների վիճակը» թեմայով: Այդ երկրներն են Թուրքիան ու Ռուսաստանը: Ես ենթադրում եմ, որ հանդիպումների բովանդակության մասին գրելու հնարավորություն չեմ ունենա, սակայն այն փաստը, որ Թուրքիան քննարկման է դրված Ռուսաստանի հետ` արդեն շատ բան է ասում: Լրագրողներ Ահմեթ Շիքի եւ Նեդիմ Շեների ձերբակալություններից հետո որոշակի նախազգուշացումներ ստացվեցին Եվրախորհրդից:

Միջազգային հանդիպումներում ես լուրջ խառնաշփոթ եմ տեսնում Թուրքիայի մասին պատկերացումներում: Եվրոպացի եւ ամերիկացի դիտորդները երկու տարբեր խմբերից լսում են երկու տարբեր պատմություններ Թուրքիայի մասին: Պատմություններից մեկը զարգացած ժողովրդավարության մասին է, մյուս պատմությունը վերաբերում է քաղաքացիական բռնատիրությանը: Ես այլ վարկած ունեմ Թուրքիայի մասին: Մի քանի հանդիպումներում ես կփորձեմ բացատրել այդ վարկածը` ներկայացնելով Թուրքիայի մի օրվա պատմությունը: Այս տարվա ապրիլի 24-ին տեղի ունեցած իրադարձությունները Թուրքիայի իրական լուսանկարն են իմ աչքերում:

Երկու իրադարձությունները Թուրքիայում տեղի ունեցան նույն օրը: Երբ Կարսում ապամոնտաժվեց Մարդկության արձանը, մենք հարգանքի տուրք էինք մատուցում 1915թ. ապրիլի 24-ին հայ մտավորականության զոհված ներկայացուցիչների հիշատակին: Այդ ողբերագական իրադարձությունները հիշելու համար ես մի քանի մարդկանց հետ Անկարայի Սաքարիայի հրապարակում էի: Նմանատիպ հանդիպումներ կազմակերպվել էին նաեւ Ստամբուլում, Իզմիրում, Դիարբեքիրում եւ Բոդրումում:

Իմ կարծիքով, Սաքարիայի հրապարակի տեսարանը սյուրռեալիստական էր: Ոստիկանությունը մեզ պաշտպանում էր հակացուցարարներից: 5, 10 տարի առաջ այդպիսի տեսարան հնարավոր չէր պատկերացնել:

Սակայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը խորհրդանշող Մարդկության արձանի ոչնչացումը վարչապետ Էրդողանի անհանդուրժողականության վառ արտահայտությունն էր:

Այն փաստը, որ այդ երկու իրադարձություները միաժամանակ տեղի են ունենում Թուրքիայում, ցույց է տալիս, որ «քաղաքացիական բռնատիրությամբ» եւ «զարգացած ժողովրդավարությամբ» միայն հնարավոր չէ նկարագրել Թուրքիայի այսօրվա իրավիճակը: Մենք ընթանում ենք պարադոքսալ երթուղիով: Միայն կառավարության մտադրություններով հնարավոր չի լինի կանխատեսել, թե մենք որ ուղղությամբ են ընթանալու: Անհրաժեշտ է ընդդիմություն, որը կքննադատեր կառավարության սխալ գործողությունները եւ դրվատանքի խոսքեր կասեր ճիշտ քայլերի համար: Այդ համատեքստում, մեծ առաքելություն ունեն լրատվամիջոցները: Ցավոք, թուրքական լրատվամիջոցները «քաղաքացիական բռնատիրության» եւ «զարգացած ժողովրդավարության» ճամբարների գերին են եւ չեն կարող խաղալ առաջնորդող ու խրախուսող դեր: