Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է օգնություն ստանալ այն երկրներից, որոնք պատրաստակամություն էին հայտնել երկրաշարժի հետեւանքների վերացման համար օգնություն տրամադրել:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ին, որ երկրաշարժի հետեւանքների վերացման համար խիստ կարիք ժամանակավոր տնակների, վագոնների եւ տաք վրանների:  ԱԳՆ-ն իր հերթին հանձնարարել է տեղեկացնել այս մասին այն երկրներին, որոնք մինչ այս առաջարկել էին իրենց օգնությունը:

Իսրայելական Haaretz-ը նշում է, որ Թուրքիային անհրաժեշտ միջոցների ցուցակին ծանոթանալուց հետո իսրայելական իշխանությունները հանձնարարել են անմիջապես Թուրքիա ուղարկել անհրաժեշտ պարագաները:

Ճապոնիան արդեն Միջազգային համագործակցության գործակալության միջոցով 400 հազար դոլարի վրան եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ է ուղարկել Թուրքիա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով պետական այցով գտնվում է Մոսկվայում, շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որտեղ Հայաստանի օգնությունն է առաջարկում:

Նշենք, որ ավելի վաղ, Էրդողանն ասել էր, որ Թուրքիան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել աղետի հետեւանքները, բայց միեւնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, ներառյալ Հայաստանին եւ Իսրայելին, ովքեր օգնության ձեռք են մեկնել  Թուրքիային:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով Վանում եւ Արճեշում մահացածների թիվը հասել է 459-ի, իսկ վիրավորվածների թիվը՝1352-ի։ Փլված շենքերի թիվն անցնում է 2 հազարը։ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։

Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 48 ժամվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 400-ից ավել ցնցում։