Պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:
Կողմերը քննարկել են համատեղ նախագծեր եւ տնտեսական համագործակցության հարցեր:
«Անցած տարի ապրանքաշրջանառությունն աճել է 19 տոկոսով, իսկ այս տարվա առաջին վեց ամիսներին` եւս 14 տոկոսով: Աճում են նաեւ ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում. արդեն գրեթե 3 միլիարդ, մոտ 2,8 միլիարդ դոլար: Ընդհանուր առմամբ, մենք ունենք դիվերսիֆիկացված հարաբերությունների զարգացում մի շարք ուղղություններում եւ այդ հարաբերությունները հաջողությամբ են զարգանում», - ասել է Վլադիմիր Պուտինը:
«Ինչպես դուք արդեն նշեցիք, անցած տարի մեր ապրանքաշրջանառությունը հասել է մեկ միլիարդ դոլարի: Փոքր Հայաստանի համար դա լուրջ թիվ է: Բոլոր օտարերկրյա ներդրումների 57 տոկոսը ռուսական են, մոտ 1500 ընկերություններ` ռուսական եւ համատեղ: Վատ չեն զարգանում մեր հումանիտար հարաբերությունները», - նշել է Սերժ Սարգսյանը:
Ըստ նախագահի, ՌԴ իր այցի օրերին պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր քվոտաների մասին: «Իհարկե, մենք կցանկանայինք քննարկել նոր ծրագրերի հնարավորությունները, որոնք է՛լ ավելի կամրապնդեն մեր հարաբերությունները»,-ասել է նախագահ Սարգսյանը:
ՌԴ կառավարության նախագահը, ողջունելով Սերժ Սարգսյանին եւ նշելով, որ անչափ հաճելի է տեսնել նրան Ռուսաստան կատարած պետական այցի շրջանակներում, անդրադարձել է երկու երկրների միջեւ տնտեսական, այդ թվում՝ առեւտրատնտեսական հարաբերություններին:
Վլադիմիր Պուտինը եւս բարձր է գնահատել մի շարք ուղղություններով հաջողությամբ զարգացող հայ-ռուսական հարաբերությունները՝ նշելով, որ Հայաստանի վարչապետի հետ բոլորովին վերջերս հնարավորություն է ունեցել հանգամանորեն զրուցել երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի ինտենսիվ զարգացնելու լրացուցիչ անելիքների մասին: ՌԴ կառավարության նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ ընթանում է աշխատանքային ռեժիմով:




























