Թերթը գրում է, որ մեր համաքաղաքացիներից շատերն այդպես էլ չեն հասկանում, թե «Երեւան-սիթի»-ներում ապրանքների գները ինչո՞ւ են 5-ով կամ 9-ով (ասենք 135 դրամ կամ 699 դրամ) վերջանում:
«Նրանք, ովքեր եղել են եվրոպական կամ ամերիկյան սուպերմարկետներում, որտեղ նման գնանշումները բավականին տարածված են, ենթադրում են, որ մեզ մոտ եւս դա արվում է հոգեբանական ազդեցություն թողնելու համար:
Սակայն, պարզվում է, դա արված է ամենակոնկրետ՝ նյութական շահ ստանալու նպատակով: Ասենք, երբ գնված ապրանքների հանրագումարը վերջանում է 5 դրամով կամ 7 դրամով, դա կլորացվում է հօգուտ աճող թվի: Ավելի պարզ՝ 1847 դրամի գնումների դեպքում գանձվում է 1850 դրամ: Շատերը կասեն, հետո ի՞նչ, մաթեմատիկայում 5-9-ը կլորացվում են հօգուտ աճող թվի: Հետո այն, որ կլորացվող գումարի մանրը չի երեւում ՀԴՄ կտրոնի մեջ, այլ ապօրինի մուտք է գործում սուպերմարկետի գանձարան: Երկրորդ, այդ մանրը մանր է յուրաքանչյուրիս համար, բայց եթե հաշվենք, թե քանի հազար մարդ է մտնում «Երեւան-սիթի»-ներ, որոնցից գրեթե յուրաքանչյուրը թողնում է կլորացվող մանրը, ապա դժվար չէ ենթադրել, որ այն վերածվում է տասնյակ միլիոնավոր դրամների՝ ամսվա ընթացքում: Բայց սա էլ ամբողջ չէ:
Երբ գնված ապրանքը վերջանում է 4 դրամով, ապա այդ դեպքում եւս «Երեւան-սիթի»-ներում կլորացվում է հօգուտ աճող թվի: Ասենք՝ 954 դրամի գնումների դեպքում, գնորդին արդեն մանր չի վերադարձվում, գանձելով 1000 դրամ, իսկ այդ 6 դրամը եւս մնում է սուպերմարկետների սեփականատեր Սամվել Ալեքսանյանին: Մնում է միայն ասել, որ եթե նա այդ 6 դրամի կարիքը շատ ունի, թող հայտարարի այդ մասին, եւ մենք գուցե համաձայնենք այդ գումարը թողնել նրան, այլ ոչ թե տանք փողոցում փող խնդրող ինչ-որ տատիկի: Իսկ եթե ոչ, ապա թող հրահանգի, որ այսուհետեւ մարդկանց հիմարի եւ մաթեմատիկա չիմացողի տեղ չդնեն՝ գցելով նրանց տրամադրությունն ու քայքայելով նյարդերը»,- գրում է «Ազգը»:



























