Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն, այսօր` հոկտեմբերի 27-ին, կառավարության նիստը բացել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության հիշատակի մասին խոսքով.
Նա իր խոսքում ասել է.
«Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ:
Այսօր հոկտեմբերի քսանյոթն է: Տասներկու տարի առաջ` հենց այս օրը, տեղի ունեցավ մեր նորագույն պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: Տեղի ունեցած ստոր ոճրագործության հետեւանքով մենք կորցրեցինք մեր պետականաշինության երախտավորներին:
Հիշենք նրանց անուն առ անուն.
Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյան,
Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյան,
Ազգային ժողովի փոխխոսնակ Յուրի Բախշյան,
Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Միրոյան,
Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյան,
Պատգամավորներ`
Արմենակ Արմենակյան,
Հենրիկ Աբրահամյան,
Միքայել Քոթանյան»:
Այնուհետեւ կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգել է նրանց հիշատակը:
Հիշեցնենք, որ 1999-ի հոկետմբերի 27-ին, 5 հոգուց բաղկացած ահաբեկչական խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ինքնաձիգներով զինված մտել է ԱԺ դահլիճ եւ սպանել երկրի վարչապետ, սպարապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, նրա տեղակալներին եւ մի շարք պետական գործիչների: Մեկ օր պատգամավորները պատանդ էին մնացել ԱԺ դահլիճում, որից հետո հանցախումբը հանձնվել է ոստիկանությանը: Նրանց նկատմամբ դատավարությունը տեւեց 3 տարի, որի արդյունքում 5 ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Այդ գործով կազմակերպիչներ չբացահայտվեցին, թեեւ հասարակության մեջ մնացին կասկածները, որ եղել են կազմակերպիչներ, եւ իշխանությունները չցանկացան բացահայտել նրանց:




























