Թուրքիան դեռ պաշտոնապես չի դիմել Հայաստանին` երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

«Եթե նման դիմում լինի, մենք անպայման կտեղեկացնենք լրատվամիջոցներին»,- նշեցին Հայաստանի ԱԻՆ-ից:

Ի դեպ, այսօր Թուրքիայի տարածքում կրկին երկրաշարժ է եղել: Ժամը 13:04-ին երկրաշարժ է գրանցվել Թուրքիա-Իրաք սահմանին, 5,1 մագնիտուդով: Էպիկենտրոնը Հայաստանից հեռու է եղել մոտ 300 կմ: Այս երկրաշարժը որեւէ կապ չի ունեցել Վանի երկրաշարժի հետ եւ Հայաստանի վրա որեւէ ազդեցություն չի թողել:

Ինչ մնում է Վանի երկրաշարժին, մինչ այսօր ժամը 11:15-ի դրությամբ սեյսմիկ կայաններն արձանագրել են 3-5 մագնիտուդով 739 հետցնցում:

Հիշեցնենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։