Հայաստանի վարչապետի հայտարարությունը պետք չէ ընկալել որպես որեւէ մեկին ուղղված վիրավորանք: Այդ մասին հոկտեմբերի 28-ին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով խորհրդարանում Տիգրան Սարգսյանի արած հայտարարությունը, թե այն քաղաքական ուժերը, որոնք կընտրեն համագործակցությունը ՀՀԿ-ի հետ` կշահեն, իսկ նրանք ովեք չեն համագործակցի` կմնան կոտրած տաշտակի մոտ:

«Մեր քաղաքական սկզբունքը համագործացկությունն է, քաղաքական հիմնախնդիրների համատեղ լուծումը: Ամեն ընտրություններից հետո մենք փորձել ենք միավորել ժողովրդի առավելագույն վստահությունը վայելող ուժերին: Կարծում եմ` վարչապետը հենց այդ միտքն է արտահայտել: Եթե դա որեւէ մեկին վիրավորում է, ապա դա նրա խնդիրն է», - ասել է Սահակյանը:

Գալուս Սահակյանից առաջ լրագրողների հարցերին պատասխանել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա հայտարարել է, որ վարչապետը հիշեցրել է քաղաքական ուժերին ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին:

«Հայտարարության ենթատեքստը հասկանալի է. ով մեզ հետ չէ` մեր դեմ է», նշեց Սաֆարյանը:

Լարիսա Ալավերդյանն էլ ավելացրեց, որ միայն հայտնի չէ, թե ով է ոսկե ձկնիկը, որից ինչ-որ բան են պահանջելու, ով է ձկնորսը, եւ ով է նստած կոտրած տաշտակի մոտ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում նշեց. «NEWS.am կայքում հրապարակված է վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանի հայտարարությունն այն մասին, որ շատերը փորձում են աղավաղել վարչապետի խոսքը եւ ուղղել այն կոալիցիոն գործընկերների դեմ, իսկ խոսքը եղել է Հայաստանի նախագահի շուրջը համախմբվելու մասին եւ ուղղված է եղել բոլոր քաղաքական ուժերին, որոնք երկրի զարգացմանը միտված համագործակցության փոխարեն պայքարը դարձնում են ինքնանպատակ: «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիոն գործընկեր է եւ պետք չէ սխալ դատողություններ անել»:

Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ այդ հայտարարությունը պարզ բնութագրում է իշխող կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը: