Հայաստանին պետք է մտահոգի սեփական քաղաքական ուղղություն ձեւավորելը: Առանց դրա Հայաստանը միայն կարող է կողքից դիտել ընթացող գործընթացները, այլ ոչ թե ազդել դրանց վրա: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, Հայաստանի նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը` հոկտեմբերի 28-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Պատասխանելով Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու մասին հարցին, Մելիքյանը նշեց, որ հայ հասարակությունը այդ առիթով ողբերգություն է ապրում: Բայց ողբերգությունը, ըստ նրա, մեկ այլ բանում է, մասնավորապես, արտաքին քաղաքականության դոկտրինի բացակայության մեջ: Ներկայումս տարվող քաղաքականությունը հարկ եղած արդյունքը չի ապահովում: Անհրաժեշտ է փոխել իրավիճակը, կարողանալ ասել «ոչ», բայց դա անել ողջամտորեն եւ հավասարակշռված, վստահ է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ընտրվելու հետ կապված Ադրբեջանի համար բացվող հնարավորություններին, ապա, ըստ Մելիքյանի, քանի դեռ Ադրբեջանը Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ չի հաստատել, Ռուսաստանը աշխատելու է ստատուս քվոն պահպանելու օգտին: Հետեւաբար, Մոսկվան կկասեցնի Ադրբեջանի բոլոր ոտնձգությունները: Այլ բան է, որ հայկական կողմը Ռուսաստանին շնորհակալություն հայտնելու ավելորդ առիթ կունենա, նշել է Մելիքյանը:




























