«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի համագործակցության հավանականությունը շատ փոքր է: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, Հայաստանի նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը` հոկտեմբերի 28-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ` պատասխանելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հնարավոր զարգացումների եւ կոալիցիայի կազմից ԲՀԿ-ի դուրս գալու հավանականության մասին հարցին:
Ըստ Մելիքյանի, եթե նույնիսկ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, դա չի հանգեցնի ուժերի էական վերադասավորման, եւ ապագա կառավարության հիմքիում կլինի Հանրապետական կուսակցությունը: Քաղաքական գործիչը նաեւ մատնանշեց հայ քաղաքական ուժերի ձգտումը Ռուսաստանի համակրանքը նվաճելու հարցում, ինչը խանդի մթնոլորտ է ստեղծում: Մելիքյանը կարծում է, որ այս պահին ՀԱԿ-ի քաղաքական դիրքի թուլացման գործընթաց է ընթանում: Արդյունքում ՀԱԿ-ի համար ստեղծվում է հեռանկար, որ նրա կշիռը խորհրդարանում կլինի ոչ ավելի, քան «Ժառանգություն» կուսակցությանն է, որը ներկայումս վեց պատգամավորական մանդատ ունի:
Ինչ վերաբերում է իր մասնակցությանը ընտրություններին, Արման Մելիքյանը նշեց, որ դեռ չի որոշել` կդնի իր թեկնածությունը, թե ակտիվ քաղաքացիական դիրքորոշում կցուցաբերի: Քաղաքական գործիչը խոստացել է հրապարակել իր որոշումը ընտրություններից առաջ, սակայն նկատել է, որ առայժմ անկողմնակալ ընտրությունների ոչ մի երաշխիք չի տեսնում:




























