Հայաստանի ֆինանսների նախարարությունը հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ հաստատել են «Նաիրիտի» արդիականացման նպատակով 400 մլն դոլար վարկ տրամադրելու որոշումը:
Ֆինանսների նախարարության պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Օրերս ռուսական «Իզվեստիա» պարբերականի կողմից տեղեկատվություն էր հրապարակվել, որտեղ հղում անելով ՌԴ ֆինանսների նախարարության իր աղբյուրին` թերթը գրել էր, թե Ռուսաստանը համաձայնել է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից «Նաիրիտի» համար Հայաստանին 400 մլն վարկ հատկացնել: Սույն տեղեկատվությունը լայն արձագանք է ստացել նաեւ հայկական մամուլում:
Այս առնչությամբ հայտնում ենք, որ հայկական կողմից ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամին ներկայացված հայտը դեռեւս քննարկման փուլում է, եւ հայտը բավարարելու հետ կապված որեւէ պաշտոնական որոշում կայացված չէ: Քննարկման փուլում են նաեւ վարկի չափը եւ պայմանները: ՀՀ ֆինանսների նախարարությունն այս մասին տեղեկացրել էր նաեւ «Իզվեստիա» թերթին:
Տեղեկացնում ենք նաեւ, որ հայտի հետ կապված վերջնական որոշում կկայացվի ԵվրԱզԷՍ-ի հերթական նիստի ընթացքում»:



























