Երեւանը կրկին մնաց առանց քաղաքապետի, եւ կրկին պետք է նոր ղեկավար ընտրի ավագանու կազմից: Իսկ մինչ նոր ընտրությունները մայրաքաղաքը ղեկավարելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը` առաջին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Համաձայն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին կետի` Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:
Երեւան քաղաքի ավագանին ունի երկու խմբակցություն` Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» (Հայ ազգային կոնգրեսը 2009թ. մայիսի 31-ի ընտրություններից հետո հրաժարվել վերցնել մանդատները):
ՀՀԿ խմբակցությունն ունի 35, ԲՀԿ-ն 17 անդամ: Եւ հավանաբար հենց ՀՀԿ-ն էլ իր խմբակցության կազմից կառաջադրի թեկնածու: Հավանական թեկնածուն այս պահին համարվում է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, թեեւ տեսականորեն քաղաքապետ դառնալու հնարավորություն ունի նաեւ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով քաղաքապետի պաշտոնից հրաժարվելուց հետո պահպանել է ավագանու անդամի մանդատը:
Օրենքի 44 հոդվածի համաձայն, քաղաքապետի ընտրություններն անցկացվում են փակ գաղտնի քվեարկությամբ, Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:Իսկ 47 հոդվածով նորընտիր քաղաքապետը պաշտոնաը ստանձնելիս հանդիսավոր արարողության ժամանակ պետք է երդում տա, որի տեքստը եւս սահմանված է օրենքով:
Ի դեպ, թեեւ օրենքը նոր քաղաքապետի ընտրության համար թույլատրում է մինչեւ մեկ ամիս ժամկետ, սակայն NEWS.am-ի աղբյուրները նշեցին, որ ընտրությունները կկայանան առաջիկա չորեքշաբթի` նոյեմբերի 2-ին:




























