Թերթը գրում է, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչության պետ Մարսել Պետրոսյանը ենթարկվել է կարգապահական տույժի «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցի ընթացքում թույլ տված անվայելուչ արտահայտության համար: Օրեր առաջ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնել էր, որ միջադեպի մասին տեղեկացվել է նաեւ Բակո Սահակյանը: Երեկ Դավիթ Բաբայանն ասաց, որ դրանից հետո Մարսել Պետրոսյանը ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի գրավոր հրամանով ենթարկվել է կարգապահական տույժի` խիստ նկատողություն:

«Իհարկե, Դավիթ Բաբայանը հարկ համարեց ասել, թե Մարսել Պետրոսյանը պատկառելի ճանապարհ անցած լրագրող է, թե մեր թղթակիցը նրան ինչ-որ տեղ պրովոկացիայի է ենթարկել, թե ընդհանրապես անհրաժեշտ է, որ փոխադարձ հարգանք լինի լրագրողների եւ պաշտոնյաների միջեւ եւ ավելացրել. «Այդ ամենը հաշվի առնելով հանդերձ` մենք անթույլատրելի ենք համարում այդպիսի վարմունքը պաշտոնյայի կողմից եւ համապատասխան քայլեր ձեռնարկել ենք, ինչ որ պետք է, ասել ենք եւ նմանատիպ իրավիճակում ինչ համապատասխան քայլեր պետք է կատարվել են: Նա նկատողություն է ստացել եւ կարգապահական տույժի է ենթարկվել»: Թերթը գրում է, որ այդպիսով միջադեպը համարում են փակված, մանավանդ, որ չեն ցանկանում խորացնել ազգի երկու հատվածների միջեւ խրված սեպը: