Լիբանանում հայերի եւ քրդերի միջեւ որոշակի լարվածություն կա, սակայն ընդամենը կենցաղային հողի վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը` մեկնաբանելով Բուրջ Համուդ հայկական թաղամասում ստեղծված իրավիճակը:

Նշենք, որ ըստ լիբանանյան եւ թուրքական պարբերականների հրապարակումների, հայաբնակ Բուրջ Համուդում բախումներ են եղել հայերի եւ քրդերի միջեւ ազգային հողի վրա, եւ թվով ավելի մեծաքանակ հայերը ժամանակ են տվել քրդերին լքելու Բուրջ Համուդը:

Շահան Քանդահարյանը հաստատեց, որ որոշակի խնդիրներ, միջադեպեր եղել են հայերի եւ քրդերի միջեւ Բուրջ Համուդի շրջաններում: «Մի քանի դեպք արձանագրվել է: Բայց այս դեպքերն ընդամենը կենցաղային ֆոնի վրա են, թաղային շրջանակներում արձանագրված խնդիրներ են, որոնք արդեն դադարել են: Դեպքերը տեղի են ունեցել անցած շաբաթվա ընթացքում: Այն քաղաքական աստառը, որ տրվում է, շահարկում է թուրքական լրատվամիջոցների, որոշ առումով նաեւ լիբանանյան լրատվամիջոցների կողմից»,- նշեց Քանդահարյանը` նկատելով, որ քաղաքական ենթատեքստի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, որեւէ ենթատեքստ չկա. «Սա իրականությանը չի համապատասխանում, ենթատեքստ չկա: Որեւէ ձեւով ազգային հողի վրա տեղի ուեցած խնդիր չէ: Կենցաղային բախում է»:

Ըստ Քանդահարյանի, ոՈրոշ զգուշավորություն պետք է պահպանել թուրքական լրատվամիջոցներից հղում անելիս: «Կարող է շարունակվել այս աղմուկը, համենայն դեպս մի քանի դեպքեր են, որ արդեն չկան: Հիմա կյանքը հայկական թաղամասերում նորմալ ընթանում է: Չեմ բացառում, որ խնդիրներ լինեն հայերի ու քրդերի, անգամ արաբների մեջ, բայց դա քաղաքական ենթատեքստով շոշափելը ճիշտ չէ»,- նշեց Քանդահարյանը: