Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Այդըն Ալիեւին ազատելու են զբաղեցած պաշտոնից, հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը եւ նշում, որ դա պայմանավորված է Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովի հետ ունեցած հակասություններով:
«Հայտնի է, որ որոշ ժամանակ առաջ Քեմալադին Հեյդարովը հրահանգել էր Այդըն Ալիեւին մի շարք շինարարական ապրանքների մաքսազերծման կարգի մասին: Սակայն Այդըն Ալիեւը բացատրել է, ինքը գտնվում է ազդեցիկ մարդկանց ենթակայության ներքո եւ չի կարող առանց նրանց համաձայնության նման բան անել: Ի պատասխան` «արտակարգ» նախարարը ասել է`ում, որ համարում ես ինձնից ուժեղ, նրա կողմից եղիր», գրում է աղբյուրը: Նշվում է, որ որոշ ժամանակ առաջ Ֆինանսների նախարարությունում եւ Մաքսային կոմիտեում ստուգումներ են տեղի ունեցել, այդ ժամանակ էլ Այդըն Ալիեւը հայտնվել է անելանելի դրության մեջ:
«Այդըն Ալիեւը դարձել է Քեմալադին Հեյդարովի եւ նախագահի թիկնազորի պետ Բեյլեր Էյուբովի միջեւ առկա հակասությունների զոհը: Երկու օլիգարխները պայքարում են մաքսային ոլորտի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: Այդըն Ալիեւին տված կարգադրությունները պայմանավորված էին հենց այդ պայքարով: Ըստ էության, գտնվելով Էյուբովի ազդեցության տակ Մաքսային կոմիտեի ղեկավարը չի կարողացել իրականացնել «արտակարգ» նախարարի հրամանը»,-եզրափակում է «Ազադլըգը»:




























