ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները Լիբիայում ավարտվել են հոկտեմբերի 31-ին, Տրիպոլիի ժամանակով ժամը 23:59-ին, գրում է բրիտանական  Guardian թերթը:

Առաքելության ավարտման ճշգրիտ ամսաթիվը ՆԱՏՕ-ում հայտարարել են հոկտեմբերի 29-ին: Նշենք, որ ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել դադարեցնել առաքելությունը Լիբիայում, թեեւ  Անցումային ազգային խորհրդի ղեկավար Մուսթաֆա Ջալիլը կոչ էր արել երկրում երկարաձգել ռազմական ներկայությունը մինչեւ տարեվերջ: Նրա կարծիքով` ԱԱԽ-ի ուժերի կողմից սպանված գնդապետ Մուամար Քադաֆիին հավատարիմ մնացած զորքերը առ այսօր կարող են սպառնալիք հանդիսանալ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

ՆԱՏՕ-ի  գլխավոր քարտուղար Անդրես Ֆօգ Ռասմուսենը, ով նախօրեին Լիբիա էր ժամանել, Լիբիայում ավարտված գործողություններն անվանեց «Միավորված պաշտպան» , նշելով, որ դա  ՆԱՏՕ-ի  պատմության մեջ ամենահաջողվածն էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լիբիայի զինված ապստամբությունը շարունակվել է շուրջ ինն ամիս: Իշխող վարչակարգի եւ ընդդիմադիր ուժերի բախման արդյունքում հազարավոր մարդիկ զոհվեցին, հսկայական վնաս հասցվեց երկրի տնտեսությանը, Լիբիան 42 տարի ղեկավարած Մուամար Քադաֆին հոկտեմբերի 20-ին սպանվեց իր հայրենի Սիրտ քաղաքի շրջակայքում:Mary