ԱՄՆ-ն ցնցված է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների վատթարացումից եւ շարունակում է կոչ անել երկու երկրներին կարգավորել երկկողմ կապերը: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` Վաշինգտոնում կայացած ամերիկա-թուրքական խորհրդում ունեցած ելույթի ընթացքում:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, նա ողջունել է Անկարայի քաղաքականության փոփոխությունները` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ «Մերձավոր Արեւելքում կայունության երաշխավորի կարգավիճակ ստանալու համար երկիրը պետք է շարունակի ամրապնդել ժողովրդավարությունը եւ կարգավորի բարդ հարաբերությունները Իսրայելի նման հարեւանների հետ»:
Հիշեցնենք, որ անցած տարվա մայիսի 31-ին Իսրայելի ռազմածովային ուժերը ձերբակալել են «Ազատության նավատորմի» 6 նավերը, որոնք հումանիտար օգնություն էին տանում իսրայելական ուժերի կողմից շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված: Իսրայելի զինուժի գործողությունների արդյունքում թուրքական Mavi Marmara նավում զոհվել է 9 հոգի:
Հիշեցնենք նաեւ, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարան նվազագույնի է հասցնում Թել Ավիվի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ «սառեցնում» ռազմական ու առեւտրային նախագծերով համագործակցությունը։




























