Թերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից:
Ձեր արձակուրդի ընթացքում մի շարք զարգացումներ եղան, որոնք տարբեր մեկնաբանություններ ստացան լրատվական դաշտում, արդեն խոսվում էր բանակի երկփեղկվածության և փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի ու Վլադիմիր Գասպարյանի հակադրության մասին: Իրականում ինչպիսի՞ն է այսօր վիճակը բանակի կառավարման օղակում:
Իմ երկշաբաթյա արձակուրդի ընթացքում դժբախտաբար զինված ուժերում տեղի ունեցան մի քանի արտակարգ պատահարներ, որոնք հասարակական դժգոհություն արթնացրեցին: Եղան նաեւ բողոքի ակցիաներ, որոնց կազմակերպիչներին ընդունել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ժամանակ նա կարեւորել է բանակի խնդիրները միասնական ջանքերով լուծելուն ուղղված հասարակական առողջ նախաձեռնությունները, անդրադարձել նաեւ հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերին` բարձր գնահատելով այն ծրագրերը, որոնք ուղղված են փորձագիտական ուսումնասիրություններով բանակաշինությանն աջակցելուն: Եթե կան անձինք, ովքեր իրենց դրամաշնորհներով բանակի դեմ հակաօրինական գործողություններ են իրականացնելում, բնականաբար դրանք ոչ առողջ նախաձեռնություններ են ու չեն կարող հանդուրժելի լինել բանակի ղեկավարության կողմից: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հեռուստատեսային հայտարարություններին, ապա պետք է նշեմ, որ Վլադիմիր Գասպարյանը, լինելով իրավական դաշտը համակարգող փոխնախարար, բնական է, որ իր ելույթներում խոսել է ոչ օրինական գործողությունների հնարավոր հետևանքների մասին: Այս պարագայում փոխնախարարների գործողություններում հակասություններ տեսնելը սուբյեկտիվ ընկալման արդյունք է, իսկ բանակի ղեկավարության մեջ պառակտում մտցնելու փորձերը դատապարտված են: Պաշտպանության նախարարի տեղականերից մեկին պաշտպանելու, իսկ մյուսին չպաշտպանելու վերաբերյալ որոշ մարդկանց հայտարարությունները լուրջ չեմ համարում, քանի որ տարօրինակ է, թե ո՞վ ո՞ւմ ո՞ւմից է պաշտպանում:
Այդ նույն խոսակցությունները հաճախ շրջանառվում են նաեւ պաշտպանության նախարարի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի շուրջ, սակայն մենք սերտ համագործակցելով աշխատում ենք: Այստեղ անձերի բնավորությունների տարբերությունների մեջ աշխատանքային հակասություններ փնտրելը արդարացված չէ: Բանակում չկա երկփեղկվածություն. գործում է ուղղահայաց հրամանատարական շղթա, որի բոլոր օղակները գիտակցում եւ կատարում են իրենց գործառույթները: Բանակի ղեկավար կազմի մեջ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և մարդկային բարձր հատկանիշների գերակայության հիման վրա:




























