Հարավային Կովկասում 2006-2011 թվականներին ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» հանդեսին տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությանը: Մասնավորապես նա նկատել է. «Արդեն 2006թ. ես նշել եմ, որ շատ կարեւոր է նպաստել Թուրքիայի` տվյալ տարածաշրջանի եւս մեկ հզոր պատմական երկրի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Թուրքիայի նշանակությունն ակնհայտ է, քանի որ տարածաշրջանի բոլոր երկրները սահմաններ ունեն այդ չափազանց լուրջ տնտեսական գործընկերոջ հետ: Հայաստանի թուրքական շրջափակումը թույլ տվեց Անկարային անուղղակիորեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի նուրբ բանակցություններին: Ինձ համար ակնհայտ էին Հարավային Կովկասում Եվրամիության եւ Թուրքիայի փոխգործակցության մի քանի միջոցներ` տարածաշրջանի խնդիրները բարձրացնելը Եվրոպական Միության երկրների հետ Թուրքիայի ունեցած երկկողմ բազմաբովանդակ կապերի ենթատեքստում կամ տվյալ տարածաշրջանին օգնելու համատեղ ծրագրեր իրականացնելու ճանապարհով:
Նկարագրվող ժամանակաշրջանը համընկավ Թուրքիայի վարած առավել հեռատես եւ հավակնոտ արտաքին քաղաքականությանը: Անկարան հանդես եկավ զանազան նախաձեռնություններով, որպեսզի ամրապնդի իր դերը Հարավային Կովկասում, ներառյալ Կովկասի անվտանգության եւ կայունության դաշնագիրը, որն ընդունվել էր Ռուսաստանի մասնակցությամբ` օգոստոսյան պատերազմի ավարտից հետո: Սակայն նախաձեռնությունը հաջողություն չունեցավ, ամենից առաջ այն բանի պատճառով, որ դրանում չէր մասնակցել Եվրոպական Միությունը, որն այդ ժամանակ դարձել էր տարածաշրջանային քաղաքականության անփոխարինելի գործող անձ, իսկ ԵՄ կազմում Բուլղարիայի եւ Ռումինիայի ընդգրկվելուց հետո` անմիջական հարեւան:
Հարավային Կովկասում Թուրքիայի հնարավորությունները սահմանափակ են մնում, քանի որ տարածաշրջանային հակամարտություններն անմիջական ազդեցություն են թողնում նրա վրա: Հայկական հարցը նախկինի նման բուռն զգացմունքներ է առաջացնում, թուրք բնակչությունը լիովին սատարում է Ադրբեջանին, եւ Թուրքիայի բազմաթիվ աբխազների եւ չերքեզների ձայնը եւս լսելի է: Ամեն դեպքում, հատուկ ներկայացուցչի պաշտոնում ես ամեն ջանք գործադրել եմ, որպեսզի նեղ քաղաքական երկխոսություն հաստատվի Անկարայի հետ, քանի որ այն միշտ տարածաշրջանում մշակվող ցանկացած համաձայնագրի կարեւոր մաս կկազմի:
Դժվարությունները, որոնց բախվում է Թուրքիան, ձգտելով առավել գործուն դեր ստանձնել Կովկասում, հայելու նման անդրադառնում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհաջող փորձերում: Իսկ առանց դրա նա չի կարող լուրջ խաղացող դառնալ տարածաշրջանում: Բրյուսելն ամեն կերպ աջակցել է Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների գործընթացի կարգավորմանը` համոզված լինելով, որ սահմանի բացումը դրական զարգացման խթան կհանդիսանա, ինչն էլ կնպաստի այլ հակամարտությունների լուծմանը:
Մի քանի արտաքին գործերի նախարարների, այդ թվում` Սերգեյ Լավրովի հետ ներկա լինելով 2009թ. Ցյուրիխում թուրք-հայկական արձանագրությունների կազմմանը`ես լիովին համամիտ էի գերագույն կոմիսար Խավիեր Սոլանայի հետ, ով հայտարարեց խաղաղ գործընթացի համաշխարհային աջակցության մասին:
Ձեռք բերված համաձայնությունների ձախողումը մեծ հիասթափություն էր, սակայն Եվրոպական Միության եւ նրա գործընկերների համատեղ ջանքերը, վերջին հաշվով, երաշխիք են, որ գործընթացը կանգնեցվել է, ոչ թե դադարեցվել»:




























