Լիբիական սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից մեկը` Սաադին, սեպտեմբերին իր նկատմամբ հետախուզություն հայտարարած Ինտերպոլին խնդրել է փոխել այդ որոշումը: Սաադիի կարծիքով` Լիբիայի նոր իշխանությունները չեն կարող իր նկատմամբ արդար դատ անցկացնել, հայտնում է Reuters-ը:
Ըստ Lenta.ru-ի` սեպտեմբերի 29-ին Ինտերպոլը Սաադի Քադաֆիին ձերբակալելու հրաման էր տվել: Նրան մեղադրում են անշարժ գույքի հետ կապված խաբեությունների, մարդկանց վախեցնելու մեջ, երբ նա լիբիական ֆուտբոլային թիմի ղեկավարն էր, ինչպես նաեւ քաղաքացիական պատերազմի ընթացքում լիբիացիներին ոչնչացնելու գործում:
Այժմ Սաադի Քադաֆին գտնվում է Նիգերի մայրաքաղաք Նիամեյում: Նրա բնակության վայրը գաղտնի է պահվում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մուամար Քադաֆին եւ նրա մյուս որդի Մութասիմը սպանվել էին հոկտեմբերի 20-ին լիբիական Սիրտ քաղաքի շրջակայքում, Լիբիայում սկսված անկարգություններից, որը հետագայում վերաճեց քաղաքացիական պատերազմի, ամիսներ անց: Քադաֆիի մահվան հանգամանքները մինչեւ վերջ բացահայտված չեն:




























