Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների ԱԳ նախարարները նոյեմբերի 2-ին հավաքվում են Կահիրեում` Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու: Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Դամասկոսն ու լիգայի նախարարական հաձնաժողովը համաձայնության են եկել երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի Եգիպտոսի մայրաքաղաքում:
Հոկտեմբերի 31-ին Դոհայում կայացած հանդիպման ընթացքում Արաբական պետությունների լիգան հրապարակել է Սիրիայի իրավիճակի կարգավորմանը վերաբերող իր նախաձեռնության հիմնական դրույթները: Ծրագիրը առաջին փուլում նախատեսում է սիրիական բանակի դուրս բերում քաղաքներից եւ կառավարության եւ ընդդիմության միջեւ բանակցությունների ձեւավորում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սիրիայում հակակառավարական ցույցերը սկսվել էին մարտի կեսերին: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը եւ քաղաքական փոխակերպումներ: ՄԱԿ-ի տվյալներով` բախումների արդյունքում Սիրիայում զոհերի թիվը գերազանցում է երեք հազարը:




























