Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն իր տեսաուղերձում հայտարարել է, որ Իսրայելը կհասնի «լիակատար հաղթանակի», որից հետո «Գազայում ահաբեկչությունը ֆինանսավորող, ահաբեկչություն ուսուցանող կամ մեր հանդեպ ահաբեկչություն իրականացնող կազմակերպություն չի լինի», գրում է The Times of Israel-ը։
Նաթանյահուն պահանջել է, որ Գազայի հատվածը ապառազմականացվի Իսրայելի անվտանգության ամբողջական հսկողության ներքո։
«Ես զիջումների չեմ գնա Հորդանանից արևմուտք գտնվող ամբողջ տարածքի վրա Իսրայելի ամբողջական վերահսկողության հարցում։ Որպես վարչապետ՝ ես ամուր կանգնած եմ եղել այս դիրքորոշման վրա՝ միջազգային և ներքին ուժեղ ճնշման առաջ»,- ասել է նա:
Իսրայելի վարչապետը նաև իր արժանիքն է համարել երկար տարիների ընթացքում պաղեստինյան պետության ստեղծման կանխումը։
«Իմ համառությունն էր, որը տարիներ շարունակ խանգարել է պաղեստինյան պետության ստեղծմանը, որը գոյաբանական վտանգ կներկայացնի Իսրայելի համար»,- ասել է նա։
Ըստ Նաթանյահուի, քանի դեռ ինքը մնում է վարչապետ, շարունակելու է հաստատակամորեն հավատարիմ մնալ այս դիրքորոշմանը։





























