Ռուսաստանը նոր միջոցներ է ձեռնարկում ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքներում խորացնելու եւ ՀԱՊԿ-ի ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ: Ըստ «Կոմերսանտ» -ի, ՀԱՊԿ երկրները (դաշինքը ներառում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը) համաձայնության են եկել, որ արտաքին քաղաքական մի շարք խնդիրների վերաբերյալ կազմակերպության անդամ երկրները այսուհետ միեւնույն դիրքորոշումը կունենան, ինչպես ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության դեպքում է, հայտնում է newsru.com-ը:
ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքական դիրքորոշումների սերտացման խնդիրը դրվել էր օգոստոսի 12-13-ին Աստանայում կայացած ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում, իսկ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հանդիպած ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարներին ներկայացվել էր կոլեկտիվ ցուցումների նոր տարբերակը: Այն ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են պատմության խեղաթյուրմանը հակազդելը (առաջին հերթին 2-րդ համաշխարհային պատերազմի), միջազգային անվտանգությունը եւ զինաթափումը, հակահրթիռային պաշտպանությունը, ՀԱՊԿ-ի փոխգործակցությունը ԵԱՀԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ, Աֆղանստանի իրավիճակը, միջազգային ահաբեկչության, թմրանյութերի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, մարդու իրավունքները:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀԱՊԿ ներկայացուցիչներն արդեն հանդես են եկել միջազգային անվտանգության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:
Սակայն ՆԱՏՕ-ն չի հավատում ՀԱՊԿ-ի բարեփոխումների իրական լինելուն` անվանելով այն վիրտուալ կազմակերպություն:
Սեպտեմբերին լրատվամիջոցները հայտնել էին ՀԱՊԿ-ում հիմնովին վերափոխումներ անցկացնելու մասին: Միեւնույն ժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հավաստիացրել էր, որ ՀԱՊԿ խոր վերափոխումների մասին խոսք լինել չի կարող, կլինեն միայն «կոսմետիկ փոփոխություններ»:




























