Խորհրդարանում 2012թ. պետբյուջեի նախագծի լսումների ընթացքում «Ժառանգություն» խմբակցությունը դժգոհություն է հայտնել պատգամավորներին տրամադրված համակարգչային տեխնիկայի որակի վերաբերյալ: Ըստ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի` համակարգիչները հարկավոր է փոխել:  «Այս հարցի մասին ինձ խնդրել է բարձրաձայնել իմ կուսակցական գործընկեր Արմեն Մարտիրոսյանը, բայց այն ինձ եւս անհանգստացնում է:  Համոզված եմ, որ իրավիճակը պայմանավորված չէ ընդդիմության հանդեպ վերաբերմունքով, սակայն դրանցով աշխատելն իրոք անհնար է», - ասաց Ալավերդյանը:

Պատասխանելով հարցին` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը նշեց, որ Համաշխարհային բանկի միջոցներով  3 ամսվա ընթացքում խորհրդարան կբերվի համակարգչային նոր տեխնիկա «այդ թվում նաեւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների համար»:

Իր հերթին Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց, որ հարկավոր է ուշադրություն դարձնել  խորհրդարանականների գործուղման ծախսերին:  «Այս հարցը ամեն տարի լրջորեն քննարկվոմ է: Հարկավոր է հասկանալ, որ խորհրդարանականների ուղեւորությունները անհրաժեշտ են պետությանը: Հայաստանը մասնակցում է միջազգային կազմակերպությունների, որոնց որոշումները մեզ համար պարտադիր են: Հետեւաբար, չի կարելի թույլ տալ, որ դրանք մեր բացակայությամբ կայացվեն», - նշեց Հարությունյանը:

Նշենք, 2012թ. խորհրդարանի աշխատակազմի գործուղումների համար նախատեսված է 350 մլն դրամ` այնքան, ինչքան նախորդ տարի էր: