Հանրապետական կուսակցությունն առայժմ չի քննարկել Ազգային Ժողովի նոր նախագահի թեկնածությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս վերահաստատեց, որ Հովիկ Աբրահամյանն իր սեփական նախաձեռնությամբ է որոշել հրաժարվել խորհրդարանի նախագահի պաշտոնից եւ կենտրոնանալ բացառապես շտաբի պետի գործառույթների վրա:

Դիտարկմանը, որ 2007 եւ 2008 թվականների համապետական ընտրությունների ժամանակ Հովիկ Աբրահամյանը եղել է շտաբի պետ (2007-2008 թվականներին նա եղել է փոխվարչապետ եւ արածքային կառավարման նախարար, ինչը չի խանգարել, որ կատարի նախ ՀՀԿ շտաբի, ապա նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի պետի պարտականությունները-խմբ.), Էդուարդ Շարմազանովը նշեց, որ «Հովիկ Աբրահամյանն ինքն է ցանկացել կենտրոնանալ միայն շտաբի պետի պարտականությունների վրա: Մենք հարգել ենք իր որոշումը եւ ընդունել այն»:

Հարցին, թե ե՞րբ է ՀՀԿ-ն քննարկելու ԱԺ նոր նախագահի թեկնածությունը, ՀՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Երբ ՀՀԿ-ն քննարկի, այն ժամանակ էլ կտեղեկացնի»:

«Այսօր նոր պաշտոնանկություններ սպասվո՞ւմ են» հարցին էլ Շարմազանովը պատասխանեց. «Չեմ կարող ասել, երեկվա նիստում նման հարց չի քննարկվել»: Ի դեպ, նա նշեց, որ այսօր ՀՀԿ խորհրդի նիստ նախատեսված չէ: