Հայաստանի Ազգային Ժողովի նոր նախագահի թեկնածությունը դեռ չի քննարկվել: Այդ մասին այսօր` նոյեմբերի 2-ին, լրագրողներին ասել է Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ Հարությունյանի անունը նշվում է որպես Հովիկ Աբրահամյանի հնարավոր փոխարինողներից մեկն այդ պաշտոնում:

«Այդ հարցով քաղաքական քննարկումներ չեն տարվել: Եթե ձեզ հետաքրքրում են իմ նախասիրությունները, ես այդպիսիք չունեմ»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

Հարցին, թե ի՞նչ կանի, եթե իրեն առաջարկվի ԱԺ նախագահի պաշտոնը, Դավիթ Հարությունյանը կրկնել է, որ որեւէ քննարկում չի եղել:

Մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի որոշումը` Դավիթ Հարությունյանը նկատել է, որ օրենսդրությունը չի արգելում խորհրդարանի նախագահին միաժամանակ գլխավորել կուսակցության նախընտրական շտաբը: «Այդուհանդերձ, Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել լիովին կենտրոնանալ նախընտրական քարոզարշավի վրա: դա լիովին տրամաբանական է, քանի որ քաղաքական ինտենսիվ պայքար է սպասվում, եւ մենք պետք է մոբիլիզացնենք ուժերը»,- հայտարարել է Հարությունյանը:

«Տվյալ պահին նոր թեկնածություն չի քննարկվել: Հնարավոր թեկնածուների անուններ տալը կոռեկտ չի լինի` հաշվի առնելով, որ պաշտոնն էլ այս պահին դեռ ազատ չէ»,- ասել է Հարությունյանը: Նա նշել է, թե հրաժարականի հայտարարությունից 5 օրվա ընթացքում պետք է լինի դրա հաստատումը: Միայն դրանից հետո խորհրդարանականները կանցնեն նոր նախագահի ընտրությանը: