Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն, Երեւանի ավագանու անդամ Ենոք Ազարյանը չի ցանկանում դառնալ Երեւանի փոխքաղաքապետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր` փոխքաղաքապետ դառնալու մասին լուրերը նա այսպես մեկնաբանեց. «Կա տրամաբանություն դրա մեջ` քննարկելու առումով, ես Երեւանի ավագանու ցուցակում 9-րդն եմ եւ ավագանու կողմից ընտրվել էի Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Մամուլում տրամաբանորեն կարող են ցուցակը նայել եւ հետեւություններ անել»:
Երեւանի ավագանին նոյեմբերի 4-ին պետք է որոշի քաղաքապետի ընտրության օրը, ապա ընտրի քաղաքապետ, իսկ դրանից հետո միայն կընտրի փոխքաղաքապետ: Փոխքաղաքապետի ընտրությանը Ենոք Ազարյանը չի պատրաստվում ինքն իրեն առաջադրել.«Ես կարծում եմ` ավելի արժանի մարդիկ էլ կան, մտավորականներ կան, օրինակ` Աննա Ասատրյան, Դովլաթյան»,- նշեց նա` հավելելով, որ հնարավոր է` ինքը նրանց առաջարկի փոխքաղաքապետի պաշտոնում: Իր` փոխքաղաքապետ դառնալու հարցը, նրա խոսքով, չեն քննարկել ոչ գործընկերների, ոչ էլ քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի հետ: Իսկ եթե, ամեն դեպքում, իրեն ընտրեն փոխքաղաքապետ, նա դեռ չգիտի` կհրաժարվի, թե` ոչ: «Ես սիրում եմ իմ աշխատանքը, լուրջ հաջողությունների ենք հասել, լիքը ծրագրեր կան խորհրդի հետ կապված: Ես կցանկանայի որտեղ աշխատում եմ, առայժմ այստեղ կիսատ գործերս ավարտեի»,- նշեց նա:
Նշենք, որ Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնի համար լրատվամիջոցներում 3 թեկնածուի անուն է շրջանառվում: ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, ՀԷԿ-երի մասնագետ Նաիրա Նահապետյան, մասնագիտությամբ փաստաբան, Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյան եւ Էդուարդ Մադաթյանի որդի ու Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի փեսա Արման Մադաթյան: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը հրաժարական էր տվել Երեւանի քաղաքապետի պաշտոնից Դրանից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր նիստում որոշում է կայացրել Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:




























