Իսրայելցի զինվորականները պատրաստվում են դիմավորել երկու նավերի, որոնք ուղեւորվում են Գազայի հատված` դրա ծովային շրջափակումը ճեղքելու նպատակով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ  Նովոստին»` վկայակոչելով Իսրայելի պաշտպանական բանակի մամուլի ծառայությանը: Այնտեղից հայտնել են, որ «Գազայի հատվածի շրջափակումը խախտելու փորձը սադրանք է Իսրայելի պետության դեմ:  Շրջափակումն օրինական է եւ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին»:  Իսրայելցի զինվորականներն էլ  հայտնել են, որ ցանկացած մարդասիրական օգնություն Գազայի հատված կարող է հասցվել ցամաքային սահմանի անցակետերով եւ Իսրայելի իշխանությունների համակարգմամբ:

Նշենք, Թուրքիայի արեւմուտքում գտնվող Ֆաթիհա նավահանգստից Գազա է ուղեւորվել երկու նավ, Ազատության նավատորմի կազմից` տեղափոխելով 27 միջազգային  իրավապաշտպանների եւ մարդասիրական օգնություն:

Ինչպես նոյեմբերի 2-ին լրագրողներին հայտնեց Գազայում «Գազայի շրջափակումը ճեղքելու եվրոպական ընկերության» ներկայացուցիչ Ռամի Աբդուն, նոր  կազմում երկու նավ կա Իռլանդիայից եւ Կանադայից:  Ենթադրվում է, նրանք կհասնեն անկլավի ափերին 30 ժամվա ընթացքում: Թուրքական իշխանությունները, նրա խոսքով, երկու օր ու գիշեր չեն թույլատրել նավերին դուրս գալ նավահանգստից եւ կրճատել են առաքելության մասնակիցների թիվը, ովքեր բժշկական հազվագյուտ դեղամիջոցներ էին տեղափոխում անկլավի բնակիչների համար: Կազմակերպիչները նախընտրել են  նավերի ժամանման ժամը չհայտարարել` վախենալով տեղեկատվության արտահոսքից:

Ինչպես նշեց Աբդուն, նոր առաքելության հետ կապված բոլոր մանրամասները կհայտարարվեն հինգշաբթի օրը` Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայանալիք մամլո ասուլիսի ընթացքում:

Առաքելության պաշտոնական ներկայացուցչի տվյալներով` մասնակիցների թվում են Նոբելյան մրցանակակիրներ, իռլանդական կուսակցական առաջնորդներ`  «Շին Ֆեյն» կուսակցության անդամներ, ինչպես նաեւ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եւ զանգվածային լրատվության այլ հայտնի միջոցների ներկայացուցիչներ  Կանադայից եւ Իռլանդիայից:

 Նշենք, Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Թել-Ավիվը հրաժարվել էր պաշտոնապես ներողություն խնդրել Թուրքիայից` կապված 2010թ. մայիսին փոթորկի արդյունքում «Ազատության նավատորմի» կազմի «Մավի Մարմարա» նավի խորտակման հետ, որի հետեւանքով այդ երկրի քաղաքացիներ էին զոհվել:

Այդ միջադեպից հետո Թուրքիան հետ էր կանչել երեք դիվանագետների: