Եվրահանձնաժողովը չորեքշաբթի օրը միջոցներ է առաջարկել գյուղատնտեսական ապրանքների ներմուծումն Ուկրաինայից սահմանափակելու և հողատարածքների օգտագործման կանոններն ավելի ճկուն դարձնելու համար՝ փորձելով ճնշել Ֆրանսիայի և ԵՄ անդամ այլ երկրներում զայրացած ֆերմերների բողոքները, հաղորդում է Reuters-ը:

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ կերկարաձգի ուկրաինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի կասեցումը ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի հունիսը։  Դրանք ի սկզբանե կասեցվել էին 2022 թվականին՝ պատերազմի բռնկումից հետո՝ Ուկրաինայի տնտեսությանն աջակցելու համար: Եվրահանձնաժողովի այս առաջարկը պահանջում է ԵՄ կառավարությունների և Եվրախորհրդարանի հաստատումը, և «արտակարգ արգելանք» կհանդիսանա ամենազգայուն ապրանքների՝ թռչնամսի, ձվի և այլնի համար՝ թույլատրելով մաքսատուրքերը, եթե ներմուծումը գերազանցի 2022 և 2023 թվականների միջին մակարդակը:

Այն նաև թույլ է տալիս Հանձնաժողովին միջոցներ ձեռնարկել, եթե ԵՄ-ի մեկ կամ մի քանի անդամների շուկաները խաթարվեն գյուղատնտեսական այլ ապրանքների, օրինակ՝ հացահատիկի ներմուծման աճի պատճառով: Ծայրահեղ դեպքերում դրանք կարող են ներկայացվել հարցումը կատարելուց 21 օր հետո։

Եվրահանձնաժողովը նաև առաջարկել է ԵՄ ֆերմերներին  2024 թվականին ազատել իրենց հողատարածքի նվազագույն մասնաբաժինը պահպանելու պահանջից, շարունակելով ստանալ ԵՄ ֆերմերային աջակցության վճարումներ: Փոխարենը ֆերմերները կարող էին աճեցնել այնպիսի մշակաբույսեր, ինչպիսիք են ոսպը կամ ոլոռը, կամ հավաքել այնպիսի մշակաբույսեր, որոնք աճում են հիմնական բերքը տնկելու տարածքների միջև՝ առանց բույսերի պաշտպանության միջոցների օգտագործման:

Եվրահանձնաժողովը նաև առաջարկել է մեկ տարով երկարաձգել Մոլդովայից ներմուծման մաքսատուրքերի կասեցումը՝ մինչև 2025 թվականի հուլիսը։

Ուկրաինայի ԵՄ հարևաններ Բուլղարիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան բողոքել են, որ գյուղատնտեսական ապրանքների ներկրումը վնաս է պատճառել իրենց շուկաներին, ինչն էլ հանգեցրել է ֆերմերների և բեռնատարների բողոքի:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ էր արել հստակ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայից ներմուծման հետ կապված։ Ֆրանսիացի ֆերմերները երկու շաբաթից ավելի բողոքում են գների աճի և սննդամթերքի էժան ներմուծման դեմ: 2023 թվականին Ուկրաինայից ԵՄ շաքարավազի ներմուծումն աճել է 1000%-ով, մինչդեռ ձվի ներմուծումը կրկնապատկվել է, իսկ թռչնամսի ներմուծումն աճել է 50%-ով:

Ֆրանսիացի և բելգիացի ֆերմերները չորեքշաբթի օրը՝ ԵՄ գագաթնաժողովից մեկ օր առաջ, տասնյակ ճանապարհային արգելապատնեշներ են տեղադրել մայրուղիներում և դեպի նավահանգիստ տանող ճանապարհներին: