Շվեդիայի ոստիկանությունը հայտնել է Ստոկհոլմում Իսրայելի դեսպանատան մոտ «վտանգավոր օբյեկտի» ոչնչացման մասին, հայտնում է BBC-ն։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը մեծ արձագանք է առաջացրել, և դեսպանատան շրջակայքը շրջափակվել է 100 մետրով՝ քաղաքացիներին պաշտպանելու համար:
Ոստիկանությունից BBC-ին հայտնել են, որ դեռ վաղ է այդ օբյեկտի մասին լրացուցիչ մանրամասներ հաղորդել: Նրանք միայն նշել են, որ ոչ ոք չի տուժել։
Իր հերթին, Շվեդիայում Իսրայելի դեսպան Զիվ Նևո Կուլմանն ասել է, որ դեսպանատան և նրա աշխատակիցների վրա «հարձակման փորձ» է կատարվել։
«Մեզ չի վախեցնի ահաբեկչությունը», - գրել է Զիվ Նևո Կուլմանը՝ X-ի իր միկրոբլոգում: Նա շնորհակալություն է հայտնել շվեդական իշխանություններին՝ իրենց «արագ գործողությունների համար»:
Իր հերթին, Շվեդիայի փոխվարչապետ Էբբա Բուշն ասել է, որ «ցնցված է» միջադեպից:
«Իսրայելի ատելությունը սարսափելի է։ Բռնի ծայրահեղականությունը պետք է դադարեցվի», - ասել է նա:




























