Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը կհրաժարվի պատգամավորական մանդատից ամբիոնի վարիչի կամ դեկանի պաշտոնի դիմաց: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 3-ին կայացած ասուլիսում:
Մեկնաբանելով Երեւանի քաղաքապետի հրաժարականը` Պետրոսյանը նկատել է, որ Կարեն Կարապետյանը երկար տարիներ աշխատել է «Հայռուսգազարդում» եւ լավ հեղինակություն ունի «Գազպրոմում»: «Նրան լավ աշխատանք են առաջարկել` բարձր աշխատավարձով, նա նաեւ անձնական դրդապատճառներ ուներ, ինչի մասին հրապարակայնորեն հայտարարել է: Այդ ամենը հաշվի առնելով էլ համապատասխան որոշում է կայացրել: Բացի այդ, ինքն է կոչ արել քաղաքական ենթատեքստ չորոնել իր որոշման մեջ»,-ասել է նա:
Պետրոսյանը նաեւ ընդգծել է, թե ի տարբերություն հետեւած հրաժարականների, քաղաքապետի հրաժարականը նախընտրական գործընթացների հետ կապ չի ունեցել: Պետրոսյանը նաեւ նկատել է, թե Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ կլինի եւ Կարապետյանից ոչ պակաս կկատարի իր պարտականությունները. «Նա համապատասխան փորձ ունի, եղել է քաղաքապետի 1-ին տեղակալը, բացի այդ եղել է Ավան համայնքը, որը հայտնի է իր ձեռքբերումներով»:
Հարցին, կփոխե՞ր Պետրոսյանն իր պաշտոնը ավելի լավ աշխատավարձով աշխատանքի հետ, պատգամավորն ասել է. «Ես այն տարիքում չեմ, որ ինձ առանձնահատուկ ինչ-որ բան առաջարկեն: Ես 70 տարեկան եմ: Եթե ինձ առաջարկեն ամբիոնի վարիչի կամ դեկանի պաշտոն, ինչ անել, կհամաձայնեմ»:




























