Փրկարարները Եգիպտոսի ափերից 30 կմ հեռավորության վրա այրվող «Բելլա» ուղեւորատար լաստանավից 813 ուղեւոր են տարհանել, տեղեկացնում է EGYnews պորտալը:
Լաստանավի վրա, ըստ լրացուցիչ տվյալների, ընդհանուր առմամբ 1200 ուղեւոր է գտնվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ որոշ տեղեկությունների` ուղեւորների մեծամասնությունը արտասահմանում աշխատող Եգիպտոսի քաղաքացիներ են:
Ըստ փրկարարական ծառայության տվյալների` լաստանավը դուրս է եկել Աքաբայից: Երբ այն Նուվեյբայից 30 կմ հեռավորության վրա է եղել, պահեստային կուպեում հրդեհ է բռնկվել: Անձնակազմը վթարային ազդանշան է տվել եւ հայտնել, որ պահեստային կուպեն գրեթե ամբողջությամբ այրվել է:
Սկսված փրկարարական գործողություններին մասնակցում են եգիպտական ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը: Դեպքի վայրին է մոտեցել մոտակայքում գտնվող «Էյլա» նավը, որի վրա գտնվում են անհրաժեշտ սարքավորումներով եւ դեղամիջոցներով զինված բժիշկներ: Այս պահին փրկարարները շարունակում են ուղեւորների տարհանումը:

























