Պաշտոնից հեռացած բարձրաստիճան պաշտոնյաներն անգամ հարկ չհամարեցին հանրությանը բացատրել իրենց հրաժարականների պատճառները: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում նոյեմբերի 3-ին ասել է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա` առանց բացատրություն տալու նմանատիպ փոփոխություններ կատարելը անհամատեղելի են քաղաքացիական հասարակության նորմերին: «Խոսվում է, որ պետական պարտականությունների կատարումը հարկավոր է դարձնել պատասխանատու, թափանցիկ: Այն ամենը, ինչ տեսնում ենք, սեղմ խոսքեր են, որոնցից հասարակությունը այդպես էլ պատկերացում չի կազմում, թե ինչու նա, ում պատասխանատու պաշտոն են վստահել, օրերից մի օր որոշում է թողնել այն: Եթե ասվում է, որ քաղաքապետը լքել է իր պաշտոնը ավելի լավ առաջարկ ստանալու պատճառով, ապա կուզենայի իմանալ, թե այդ ինչ աշխատանք է, որ պետական անձի համար կարող է մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնից բարձր լինել», - ասել է Ռուստամյանը:
Մեկնաբանելով Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրաժարական տալու մտադրությունը` Ռուստամյանն ընդգծել է, որ այստեղ ամեն ինչ միանգամայն պարզ է: «Շատ հստակ ասվել է. ես դառնում եմ նախընտրական շտաբի պետ: Հետեւաբար, այդ պաշտոնը խորհրդարանի նախագահի պաշտոնից կարեւոր է: Այստեղից եզրակացություն. իշխանությունն իր առջեւ ամեն գնով ինքնավերարտադրվելու խնդիր է դնում: Այդ պատճառով բոլոր ուժերը ներդրվում են նախընտրական կազմակերպությունում. իշխանությունը հասկանում է, որ ընտրությունները լուրջ խախտումներ կատարելով անցկացնելու հնարավորությունը սպառվել է: Իշխանությունը նաեւ հասկանում է, որ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները փոխկապակցված են, եւ եթե ընդդիմությունը հաջողության չհասնի մեկի դեպքում, ուժերը կարող է կենտրոնացնել հաջորդի ժամանակ», - նշեց դաշնակցական պատգամավորը:




























