Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն կորցնում է կառավարության անդամների եւ խորհրդարանականների աջակցությունը, ինչը կարող է ձախողել հանրաքվեի նրա ծրագրերը եւ հանգեցնել հրաժարականի, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով եվրոպական լրատվամիջոցները:
Պապանդրեուն երկրի նախագահ Կարոլոս Պապուլյասի հետ հանդիպմանը կարող է հայտարարել հրաժարականի մասին: Միեւնույն ժամանակ, ըստ հունական «Պրոտո տեմա» թերթի, վարչապետի գրասենյակում պնդում են, որ նա մտադիր չէ հրաժարականի դիմում ներկայացնել: «Վարչապետը հրաժարական չի տվել եւ չի պատրաստվում»,- ասել են գրասենյակից: The Wall Street Journal-ը գրում է, որ վարչապետը քննարկում է ազգային միասնության կառավարություն ստեղծելու հնարավորությունը:
Այդ աղբյուրի փոխանցմամբ, ազգային միասնության հարցը կարող է քննարկվել նախագահի հետ հանդիպմանը: Ֆինանսների նախարար Եվանգելոս Վենիզելոսը հրապարակայնորեն հանդես է եկել հանրաքվեի դեմ, իսկ առողջապահության նախարար Անդրեաս Լովերդոսը աղետալի է համարում հանրաքվեի գաղափարը:




























