Հայ ազգային կոնգրեսին ապագա խորհրդարանում 17 տեղ են խոստացել: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, նշելով, որ չի կարող բացահայտել, թե որտեղից իրեն այդ տեղեկությունը:
«Կա պայմանավորվածություն, որ ՀԱԿ-ին 17 մանդատ են տալու. այդ թվի շրջանում, մի փոքր ավել կամ պակաս: Իմ կարծիքով, դա հավանական է, քանի որ ՀԱԿ-ի կազմում կա 18 կուսակցություն եւ այդ կուսակցությունների ղեկավարներին պետք է ինչ-որ կերպ տեղավորել: Այսօրվա դրությամբ, Կոնգրեսը չի վարում վճռական եւ անկանխատեսելի պայքար: Ամեն խոսք ու ամեն քայլ համակարգվում է, ամեն բան հաշվարկվում է»,- ասաց նա:
Հարցին, թե այդ քայլերը համաձայնեցվում են նախագահականի՞ հետ, Կարապետյանը պատասխանեց. «Ես դա չէի ասի: Ես ոչ մի բան չեմ ուզում ասել ՀԱԿ-ի դեմ, ես կցանկանայի տեսնել ազատ պայքար ժողովրդի կողմից, այլ ոչ թե հաշվարկներ: Մի կողմից իշխանություններն են հաշվարկում իրեն գործողությունները, մյուս կողմից` ընդդիմությունը: Իսկ մենք ինչ անենք, հաշվի առնելով, որ չենք տեղավորվում նրանց հաշվարկների մեջ»,- ընդգծեց ԺԿ նախագահը:
Կարապետյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը ընտրություններին միայնակ է մասնակցելու: «Մենք պետք է այլընտրանք լինենք այն լայն զանգվածի համար, որը չի ընդունում Սերժ Սարգսյանին եւ հնարավոր է ավելի փոքր զանգվածի համար, որը չի ընդունում Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ինչո՞ւ մենք չպետք է օգտագործենք այդ հնարավորությունը»,- ասաց նա:
Հարցին, թե ո՞ր ուժերի հետ է պատրաստ միավորվել, Կարապետիչն ընդգծեց, որ բացարձակապես չի պատկերացնում դա: Նրա խոսքով, ՀՅԴ-ի հետ միավորումն անհնար է. «Այդ կուսակցության գաղափարախոսությունը եւ զարգացման ուղին բոլորովին այլ են: Ես ՀՅԴ-ին ոչ թե կուսակցություն եմ համարում, այլ` կազմակերպություն, ավելի ճիշտ կուսակցական կազմակերպություն»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ միավորմանը, ԺԿ ղեկավարն ասաց, որ նման մտադրություն ինքը չի ունեցել: «Ես ասել եմ, որ ցանկանում եմ միանալ ժողովրդին, ինչն էլ արել եմ նախորդ հանրահավաքի ժամանակ»,- նշեց նա ու հավելեց, որ ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքն իսկական շոու էր:
Ընդհանուր առմամբ, Կարապետյանն ընդգծեց, որ Հայաստանի ներկա իշխանություններին համարում է բռի եւ անարդար ու որ նրանց շարքում, սկսած նախագահից, չկա պետական մտածողություն ունեցող մարդ:
Իշխանությունների դեմ պայքարի հաջողությունը, նա տեսնում է ընդդիմադիր ուժերի միավորման մեջ. «Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն, Ազատության հրապարակը հռչակեն միավորման հրապարակ եւ պայքարեն ընդդեմ ռեժիմի, հանուն ժողովրդի»,- հայտարարեց Կարապետիչը, հավելելով, որ պայքարել պետք է առանց վախի:




























